Գլխավոր Ավելին

«100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագիրը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում

Համալսարանական երեք բժշկական կազմակերպություններում շարունակվում է բնակչությանը անվճար խորհրդատվություններ, որակյալ բժշկական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը։ Առաջինն ու առաջնայինը բուժօգնության կարիք ունեցողների առողջությունը պահպանելն է։ Յուրաքանչյուր շաբաթ օր երեք հիվանդանոցում, առավոտյան ժամը 11։00-ից, երկար տարիների փորձ ունեցող բժիշկները, պրոֆեսորները ընդունում են նախապես հերթագրված քաղաքացիներին։

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ այսօրվա ընդունելության շրջանակում դիմել էր 55 պացիենտ։

Համալսարանական բուժհաստատության Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուսլան Պալոյանը փաստեց, որ իրենց ստորաբաժանումն ակտիվ մասնակցում է նախաձեռնությանը։

«Արդեն երեք շաբաթ է խորհրդատվություն ենք տրամադրել 60 պացիենտի։ Մեզ դիմում են անոթային տարաբնույթ խնդիրներով։ Բուժառուներից տասը վիրահատվել են»,- նշեց Ռուսլան Պալոյանը։

Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի ղեկավար, ականջի միկրովիրաբույժ Գարեգին Միրաքյանին դիմած պացիենտներից մեկն այսօր գանգատվում էր լսողության իջեցումից, թեթև աղմուկի առկայությունից, ականջից արտադրությունից։ Փորձառու բժիշկը զննելով հիվանդին, նշեց, որ նրան կնախապատրաստեն անհրաժեշտ հետազոտություններ կատարելուն, այդ թվում առաջիկայում կկատարվի աուդիոմետրիա և համակարգչային տոմոգրաֆիա։

Ծրագրի շրջանակում 4 պացիենտի քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Մինասյանը ցուցել էր վիրահատություն։

Նրա խոսքով՝ պացիենտները գոհ են նման հնարավորությունից, որը սեփական առողջության մասին հոգ տանելու լավ առիթ է։

ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս, բժիշկ Աննա Հակոբյանի պացիենտներից մեկի մոտ բազմաթիվ վիրահատություններից հետո քրոնիկ խնդիրներ էին առաջացել։ Հերթագրված պացիենտներից մի մասն էլ ունի փորկապություն, հետկրծոսկրային այրոց, այլ քրոնիկ առողջական խնդիրներ։

Բժիշկ-նյարդաբան Սուսանան Ազոյանի պացիենտներն էլ հիմնականում գանգատվել են գլխացավից, ճնշման տատանումներից, նյարդաբանական բուժում պահանջող այլ խնդիրներից։

Վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը համալսարանական նախաձեռնության շրջանակում , վիրահատել է կերակրափողի բացվածքի ճողվածք ունեցող պացիենտի։ Բժիշկն անձամբ զննեց հիվանդին։ Ինչպես վիրահատությունը, այնպես էլ հետվիրահատական օրերը բարեհաջող են ընթանում։ Կինը ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել տասը տարի շարունակ։ Լինելով բուժաշխատող` տեղեկացել է այս նախաձեռնության մասին և դիմել։ Վիրահատվել է 50 տոկոս զեղչով։ Քաղաքացիների հոսք էր նաև մյուս մասնագետների, կլինիկաների ղեկավարների մոտ։

Բժիշկ-գիտնականներ Հովհաննես Սարկավագյանը, Վարուժան Շահսուվարյանը, Անդրանիկ Մշեցյանը և այլք բուժառուներին օգնելու մեծ պատրաստակամությամբ էին ընդունում հիվանդներին։

Արդյունավետ կառավարման շնորհիվ հիվանդանոցում հերթեր չէին գոյանում։

Նշենք, որ ԵՊԲՀ հանրօգուտ այս նախաձեռնությունը կշարունակվի մինչև հունիսի 18-ը՝ ուղիղ 100 օր։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում 109-ը, իսկ «Մուրացան» հիվանդանոցում՝  31 պացիենտ այսօր ստացավ անվճար խորհրդատվություն։

«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24

«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00

«Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45։

×
facebook sharing button facebook